Գագիկ Ծառուկյանը, դուք դեռ նրան հիշում եք, չէ՞, ԲՀԿ գրասենյակներից հետ է պահանջում իր փողերով գնված գույքը և տեխնիկան: Ինչի՞ն է պետք: Բայց ասել էր, չէ՞, որ հեռանում է քաղաքականությունից: Ահա և հեռանում է լրիվ՝ անձով ու ունեցվածքով: Նվեր չէր տվել, բարեգործություն չէր արել, իրենն է՝ տանում է: Նոր կուսակցություն է, նոր նախագահ, նոր ֆինանսավորող, թող ամեն ինչը նոր լինի: Տրամաբանական է, չէ՞: Տրամաբանական է, մանավանդ վիրավորված ինքնասիրության տեսակետից, բայց ինչ-որ չի տեղավորվում համայն հայության բարերարի նրա կերպարում: Չկա խնդիր, չկա բարերարություն: Չարի՞ք էր, չարություն է անում, բամփում էին գլխի՞ն, հիմա էլ ինքն է բամփում նրանց գլխին՝ ում ձեռքը դեռ հասնում է: Օրինաչա՞փ է: Օրինաչափ է: Բայց քիչ է: ԲՀԿ-ն պիտի վերանա՞ր՝ առանց Գագիկ Ծառուկյանի: Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն ինքնըստինքյան վերացավ: Ինքնալիկվիդացվեց: Ամենաարագ բլիցկրիգից արագ: Այնքան արագ, որ ապշելու է, թե ինչ էր անում այդ կուսակցությունն այսքան տարի քաղաքական դաշտում, որ մեկ օրում արդեն չկար: Բայց ապշելուն դա չէ: Ապշելուն, եթե կուզեք, հասարակության և քաղաքական դաշտի վերաբերմունքն էր: Իսկապես գաղջ մթնոլորտ է: Այլապես՝ ինչո՞ւ այդքան սլացիկ ու անվերադարձ հեռացան եռյակի գործընկերները: Հանուն սեփական իմիջի հայտարարություն արեց ՀԱԿ-ը, և դեռ մի քանի անգամ էլ գուցե նույն երգը երգի՝ բռնաճնշումների ու քաղաքական հալածանքների թեմաներով՝ խոսքն ուղղելով միշտ ուրիշներին: Իրենք, ինչո՞ւ իրենք չդիմակայեցին, ինչո՞ւ չմնացին Գագիկ Ծառուկյանի կողքին, կայծակնային արագ կողմնորոշվեցին, որ Ծառուկյանը, մեկ է, վախկոտ է ու չի պայքարելու, ուրեմն իրենց գլխի ճարը իրենք պետք է տեսնեն: ՈՒ վախեցան ոչ թե Սերժ Սարգսյանից, ոչ թե «չարիքի դեմ» նրա չարացածությունից, ոչ թե քաղաքական կրկեսում իզուր տեղը ոտատակ ընկնելուց, այլ՝ Մոսկվայից, որտեղ արդեն Գագիկ Ծառուկյանին ճանաչել էին օլիգարխ, բայց ոչ քաղաքական գործիչ: Վախեցան, որ Մոսկվան իրենց էլ դուրս կգրի քաղաքական դաշտից՝ այլևս պատվերներ չեն ստանա, և ուրեմն՝ ինչ կմնա անելու: Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց վրդովվել, որ «Ժառանգությանը» ոչ մի տեղ չեն կանչում ու առանց իր կարծիքը հարցնելու են որոշումներ ընդունում: Իզուր, իսկ ինքն ի՞նչ էր ասելու: Ասելու էր՝ մանդա՞տս վայր կդնեմ, մանդատ չունի, ասելու էր՝ հացադո՞ւլ կանեմ, նստացո՞ւյց կանեմ՝ պահանջ չունի: Ասելու էր՝ ես էլ իմ կուսակցությունից կհեռանա՞մ: Չէին էլ նկատի:
Ոչիշխանական եռյակ չկար՝ արդեն ձանձրալի է նույնիսկ այդ մասին գրելը:
Կար 2+1 ձևաչափ, որ հերթով լուծում էր այն հարցերը, որոնք պետք էին իշխանությանը, բայց իշխանությունը ինքը չէր ուզում լուծել ու հանձնարարում էր նրանց՝ ի վերջո զբաղմունք պիտի ունենայի՞ն, որ պարապությունից լուրջ գործով չզբաղվեին:
Գագիկ Ծառուկյանը առաջինը պիտի բամփեր նրանց գլխին, ովքեր ուր գնար՝ շարվում էին ճանապարհին, որ հավաստեն անսահման սերն ու նվիրումը, որ առ առաջնորդը հիացմունք արտահայտեն ու անդուլ ներշնչեն նրան, որ ինքը փրկիչն է բոլորի և մի քիչ, շատ քիչ է մնացել, որ փրկության ժամը գա: Չհերիքեց, Գագիկ Ծառուկյանին չհերիքեցին երևակայությունն ու զգաստությունը՝ տարբերելու իրեն ասվող անկեղծ խոսքը կեղծ խոսքից, տարբերելու՝ ով ով է իր կողքին, ով ինչ է ուզում իրենից ու ինչ է իրեն տալիս, ում է վարձատրում՝ ինչի դիմաց: Գագիկ Ծառուկյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը: Իշխանություն ու փող ունեցող բոլոր մարդկանց շուրջբոլորը հավաքվում են նրա հաշվին ապրելու ցանկություն ունեցողները, որ պաշտոնապես իրենց անվանում են թիմ, գաղափարակից, ընկեր, իրականում կերակրատաշտ են որոնում: ՈՒ որքան մոտենում են կերակրատաշտին, այնքան սպառողական զամբյուղի պահանջները մեծանում են՝ քաղաքականության մեջ ու կենցաղում: Բնականաբար, վճարի դիմաց նրանք մատուցում են ծառայություններ, որ միայն իրենց են հասու, աշխարհում ուրիշ ոչ ոք չի կարող անել, ինչ անում են նրանք: Քանի դեռ վճարվում են: Այլապես ո՞ւր է այսօր Գագիկ Ծառուկյանի թիմը: Ո՞Ւր են նրա գաղափարակիցները: Ո՞Ւր են ընկերները: Ակն ընդ ական: Ատամն ընդ ատաման՝ Գագիկ Ծառուկյանը նրանց վճարում է նույն դրամով՝ ինչ նրանք իրեն: Եվ ճիշտ կաներ, որ հեռանալուց առաջ կամ հետո կուսակցության անունն էլ պահանջեր՝ ի՞նչ բարգավաճ առանց իրեն, թող նոր անուն դնեն՝ իրենց նոր կարգավիճակին հարմար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Զզվելի է այս ամեն ինչը: Բայց կա ավելի զզվելին՝ իրավիճակ փոխվի ու Գագիկ Ծառուկյանը վերադառնա՝ կրկնվելու է նույն պատմությունը: ՈՒ նույն Գագիկ Ծառուկյանը նույն ժպիտով իր լայն գիրկն է առնելու անառակ որդիներին: Որովհետև ուրիշները չկան: Որովհետև ուրիշներ ընդհանրապես չկան: Կա չափ ու չափանիշ ոտնատակ տված հասարակություն, որ պահանջում է իրեն զոմբիացնել ու ինքնամոռաց տրվում է բոլոր խաբկանքներին, որ ապրում է սպառողի հոգեբանությամբ, և որովհետև ինքն արտադրանք տալու ի վիճակի չէ, կուլ է տալիս քարից փափուկ ինչ տան: ՈՒ եթե կա զոհ այս պատմության մեջ, ոչ ԲՀԿ-ն է՝ հին, թե նոր, ոչ Գագիկ Ծառուկյանն է՝ օլիգարխ, թե կուսակցությունից հեռացված կուսակցապետ, այլ մենք բոլորս, որ դադարել ենք մտածել ու սպասում ենք՝ ով ինչ կանի, ով ինչ կասի, որ շարունակենք բողոքել՝ մեզ չեն սիրում, մեզ չեն հասկանում, մեզ չեն պահում: